Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Օհանյան-Դալլաքյան համագործակցությունը կայանում է

Օհանյան-Դալլաքյան համագործակցությունը կայանում է
19.12.2016 | 20:28

Սեյրան Օհանյան-Վիկտոր Դալլաքյան համագործակցությունն արդեն միսուարյուն է ստանում։ Այսօր հրավիրված ասուլիսում այդ մասին անձամբ փաստեց Վիկտոր Դալլաքյանը՝ շեշտելով, թե պարբերաբար հանդիպումներ է ունենում պաշտպանության նախկին նախարարի հետ, և իրենք նույն կերպ են տեսնում երկրի խնդիրներն ու լուծման եղանակները։ Դալլաքյանը կողմնակից է քաղաքական դաշտի լայն կոնսոլիդացիայի և չի բացառում համագործակցությունը բոլոր այն ուժերի հետ, որոնք նպատակ ունեն իշխանափոխություն իրականացնելու խաղաղ ճանապարհով։ Այնուհանդերձ, համագործակցության եզր չի տեսնում վերջերս ձևավորված «Քաղաքացիական պայմանագիր»-«Լուսավոր Հայաստան»-«Հանրապետություն» դաշինքի հետ։


Վիկտոր Դալլաքյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում Սեյրան Օհանյանը քաղաքականություն վերադառնալու հայտարարությամբ հանդես կգա։ Դեկտեմբերի 23-ին նախատեսված է «Երրորդ հանրապետություն» կուսակցության 7-րդ արտահերթ համագումարը, որի ժամանակ իր լիազորությունները վայր կդնի կուսակցության նախագահ Էդվարդ Անտինյանը, նրան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Վիկտոր Դալլաքյանը։ Վերջինս չգաղտնազերծեց, թե ովքեր են լինելու համագումարում, բայց չբացառեց նաև Սեյրան Օհանյանի ներկայությունը։


Քննադատելով գործող իշխանությունների տնտեսական քաղաքականությունը, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը փաստեց, որ վարչապետի գնահատականը, թե տնտեսությունը շատ վատ վիճակում է, գործող իշխանության և գործող նախագահի ութ տարվա գործունեության արդյունքն է: Խաղաղ պայմաններում Հայաստանից արտագաղթել է 400 հազար մարդ, իսկ արտաքին պարտքը կազմել է 5 միլիարդ 500 միլիոն: Այսուհանդերձ, Հայաստանի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը Վիկտոր Դալլաքյանը համարում է գործող իշխանությունների վերարտադրությունը 2017-ի ընտրություններում, որի կանխման համար անհրաժեշտ է կիրառել 1990-ի մոդելը` հասարակությունը բաժանել սևի ու սպիտակի և հաղթել ընտրություններում:


Դալլաքյանը նաև ներկայացրեց, թե պաշտոնը թողնելուց առաջ ինչ խոսակցություն է եղել իր և Սերժ Սարգսյանի միջև ու ինչպես է իրեն պաշտոն առաջարկվել։ Իսկ առաջին ասուլիսը չեղարկելու համար, նրա պնդմամբ, իրեն զանգել ու հաղորդագրություններ է ուղարկել աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, որը արտատպած ներկայացրեց լրատվամիջոցներին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ